ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՄԵՆՔ-ի տեսլականն է՝ համերաշխ, ներառական և պատասխանատու հասարակություն, որտեղ երիտասարդներն ու կանայք դրական փոփոխությունների շարժիչ ուժ են։
ՄԵՆՔ-ի առաքելությունն է՝ նպաստել համայնքների կայուն զարգացմանը՝ երիտասարդների և կանանց բովանդակային ներգրավմամբ։
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2016 թվականին Լոռու մարզի ակտիվ երիտասարդների կողմից։ Մեր գործունեության առանցքում երիտասարդների և կանանց ներուժի զորեղացումն է՝ նրանց դարձնելով ակտիվ, պատասխանատու և նախաձեռնող քաղաքացիներ իրենց համայնքներում։
Մենք մշակում և իրականացնում ենք կրթական և մասնակցային ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդական առաջնորդության զարգացմանը, քաղաքացիական մասնակցության խթանմանը, մեդիագրագիտության տարածմանը, տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, ֆինանսական գրագիտության և համայնքային ներգրավվածության բարձրացմանը։
Մեր ծրագրերը իրականացվում են տարբեր ձևաչափերով՝ աշխատարաններ, ճամբարներ, վերապատրաստումներ, մենթորական ծրագրեր և համայնքային նախաձեռնություններ, հատկապես գյուղական և սահմանամերձ համայնքներում։
«ՄԵՆՔ»-ում մենք հավատում ենք, որ համայնքների կայուն զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երիտասարդները իրական և բովանդակային մասնակցություն ունեն տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում։
Մենք ստեղծում ենք ներառական հարթակներ, որտեղ երիտասարդները կարող են բարձրաձայնել իրենց համայնքներում առկա խնդիրները, մշակել լուծումներ և իրականացնել փոփոխություններ։ Տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով մենք նպաստում ենք տեղական ժողովրդավարության զարգացմանը և երկարաժամկետ դրական ազդեցության ստեղծմանը։
Երիտասարդների և կանանց հզորացում՝ հանուն բովանդակային մասնակցության
Մեր գործունեության տասնամյա փորձը ցույց է տվել, որ համայնքային կյանքի դրական փոփոխության հիմքում մարզաբնակ երիտասարդների ու կանանց ակտիվ ներգրավվածությունն է։
Մեր նպատակն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի նրանց ձայնը լինի լսելի, իսկ մասնակցությունը՝ ազդեցիկ և որոշիչ։
Գենդերային հավասարության խթանում՝ հանուն արժանապատիվ և իրավահավասար հասարակության
Արդեն 10 տարի է՝ ՄԵՆՔ-ի ուշադրության կենտրոնում հավասար հնարավորությունների ստեղծումն է։ Մենք հավատում ենք, որ արժանապատիվ հասարակությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր ոք ունի ինքնադրսևորվելու հավասար իրավունքներ և պայմաններ։
Մեր ռազմավարությունը միտված է կարծրատիպերի հաղթահարմանը և իրավահավասար միջավայրի ձևավորմանը։
Երիտասարդական աշխատանքի զարգացում ՀՀ մարզերում՝ հանուն երիտասարդների բազմակողմանի զարգացման և ինտեգրման հասարակական կյանքում
Մարզերում երիտասարդական աշխատանքի որակի բարձրացումն ու հասանելիության ընդլայնումը մեր առաջնահերթությունն է։ Մենք շարունակելու ենք ջանքեր ներդնել, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ, անկախ բնակության վայրից, ունենա զարգացման հարթակներ և լիարժեք ինտեգրվի հասարակական գործընթացներին։ Մարզային երիտասարդության զարգացումը մեր առաքելությունն է։
Որակյալ ոչ ֆորմալ կրթության հասանելիության ապահովում՝ հանուն մարզաբնակ կանանց և երիտասարդների արժեքահեն զարգացման
Մեզ համար ոչ ֆորմալ կրթությունը հզոր գործիք է՝ ձևավորելու արժեքներ, զարգացնելու քննադատական մտածողություն և ձեռք բերելու ժամանակակից հմտություններ։
Մենք հանձնառու ենք ապահովել այնպիսի կրթական միջավայր, որը կնպաստի մարզաբնակ կանանց և երիտասարդների շարունակական աճին։
