2025 թվականի օգոստոսի 23-ին Լոռու մարզում կայացավ մարզային երիտասարդական ֆորում, որի նպատակն էր համախմբել երիտասարդներին, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին մարզի երիտասարդների առջև ծառացած հիմնախնդիրները և ներկայացվեցին տեղական զարգացման նոր հնարավորությունները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը ծանոթացրեց երիտասարդական քաղաքականության ընթացիկ գործընթացներին, իսկ ծրագրի ղեկավար Վարսիկ Ներկարարյանը ներկայացրեց երիտասարդների մասնակցությամբ մշակված քաղաքականության փաստաթուղթը։
Ֆորումի երկրորդ մասում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, «Տաշիր Պլյուս» տարածքային ակտիվ խումբ, «ԼՈՖԹ Վանաձոր», «Երիտասարդական զարգացման և առաջնորդության ակադեմիա» ՀԵԲԱ ՀԿ և «ԻնՍտեփանավան» հիմնադրամ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին Լոռու մարզի երիտասարդների համար առկա զարգացման հարթակները։ Միջոցառման ավարտին ամփոփվեցին ծրագրի արդյունքները, և դասընթացների մասնակիցները ստացան հավաստագրեր։
Սույն միջոցառումն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից:
