2025թ․ մարտի 15-ին, «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ հերթական աշխատարանը։ Թումանյան համայնքի երիտասարդների համար դասընթացն անցկացրեց փորձագետ Վահե Խաչիկյանը։
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին առաջնորդության և թիմային աշխատանքի, պետական կառավարման համակարգի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և քաղաքացիական մասնակցության առանցքային թեմաները։ Տեսական գիտելիքներից բացի, մասնակիցները հնարավորություն ստացան գործնական վարժությունների և թիմային աշխատանքների միջոցով ամրապնդել ստացված տեղեկատվությունը և քննարկել համայնքային կյանքում իրենց ներգրավվածության հնարավորությունները։
Սույն միջոցառումն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից։
