«REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Արթիկ համայնքում տեղի ունեցավ աշխատարան, որի նպատակն էր երիտասարդներին զինել ընտրական գործընթացների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներով:
Աշխատարանի առաջին հատվածում մասնակիցներն ուսումնասիրեցին քաղաքացու դերը ժողովրդավարության մեջ և իշխանության ձևավորման սահմանադրական հիմքերը: Մանրամասն անդրադարձ կատարվեց ընտրությունների տեխնիկական և իրավական կողմերին, ներառյալ տեղամասերի կազմավորումը և դիտորդների ու հանձնաժողովի անդամների առանցքային դերերը։ Մասնակիցները նաև ծանոթացան քաղաքացիական մասնակցության արդի գործիքներին, այդ թվում՝ e-draft և e-request թվային հարթակների կիրառմանը որոշումների կայացման գործընթացում։
Օրվա երկրորդ հատվածը նվիրված էր գործնական հմտությունների ամրապնդմանը. սիմուլյացիոն վարժանքի միջոցով մասնակիցները յուրացրին քվեարկության օրվա ողջ շղթան՝ տեղամասի բացումից մինչև արդյունքների ամփոփում։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF)-ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
