Լոռու մարզի Ալավերդի համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ժողովրդավարական գործընթացների համար առանցքային մի շարք հարցեր։
Աշխատարանի օրակարգն ընդգրկում էր քաղաքացիական մասնակցության կարևորությունը, ընտրական իրավունքի սկզբունքներն ու դրանց մատչելիության ապահովումը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան համադրել տարածված կարծրատիպերը օրենսդրական փաստերի հետ, ինչպես նաև քննարկել ընտրական իրավախախտումներն ու դրանց դեմ պայքարի արդյունավետ եղանակները։
Տեսական մասին հաջորդեց գործնական սիմուլյացիան, որի ժամանակ երիտասարդները իրականացրեցին քվեարկության օրվա ողջ շղթան՝ տեղամասի կահավորումից մինչև արդյունքների վերջնական ամփոփում՝ անձամբ պատասխանատվություն ստանձնելով գործընթացի թափանցիկության համար։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
