2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական գործընթացի շրջանակում «Ազատ քվե» դիտորդական առաքելությունն ուսումնասիրել է Ստեփանավան համայնքի բոլոր 29 ընտրական տեղամասերի մատչելիությունը։ Ուսումնասիրությունը կատարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած տվյալների հիման վրա։
Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ տեղամասերի մեծ մասում հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող կամ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար ինքնուրույն քվեարկելու պայմաններ ապահովված չեն։
Հիմնական արձանագրումները.
- 29 տեղամասից միայն 9-ի մուտքն է լիովին մատչելի, 1-ը որոշ չափով մատչելի է, իսկ 19-ինը մատչելի չէ։
- 21 տեղամասի մուտքն աստիճաններով է, և դրանցից միայն 2-ում է առկա բազրիք։
- 6 տեղամասում (25/2, 25/6, 25/13, 25/18, 25/27, 25/29) թեքահարթակ չկա, և ԿԸՀ-ի գնահատման համաձայն՝ այն հնարավոր չէ կառուցել։
- Մատչելի թեքությամբ թեքահարթակ ունեցող 9 շենքից 5-ի մուտքը, այնուամենայնիվ, գնահատվել է անմատչելի։
- 8 տեղամասում մուտքի դռների լայնությունը 80 սմ-ից պակաս է (ամենանեղը՝ Կողեսում, 50 սմ), իսկ ԿԸՀ-ի 2022 թվականի մարտի 24-ի թիվ 17-Ն որոշմամբ նախատեսված՝ առնվազն 90 սմ լայնությանը չի համապատասխանում 11 տեղամասի մուտքի դուռը։
- 3 տեղամասում քվեարկության սենյակը գտնվում է 2-րդ հարկում։
- Որևէ տեղամասային կենտրոնի մոտ չի արձանագրվել հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված ավտոկայանատեղի, Բրայլյան գրատառով ցուցանակ կամ անվասայլակից օգտվողի համար մատչելի սանհանգույց։
ՀՀ ընտրական օրենսգրքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տեղամասային կենտրոններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ և տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար։
«Ազատ քվե» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ Ստեփանավան համայնքի ընտրական տեղամասերի զգալի մասում հաշմանդամություն ունեցող և տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար ինքնուրույն քվեարկելու ֆիզիկական պայմանները բավարար չափով ապահովված չեն։ Քվեարկության օրն առաքելության դիտորդները կարձանագրեն տեղամասերի փաստացի մատչելիությունը, և արդյունքները կներառվեն առաքելության հետագա հրապարակումներում։
Ամբողջական հայտարարությունը՝ ըստ տեղամասերի մանրամասն տվյալներով, իրավական շրջանակով և առանձնացված դեպքերով, կարող եք ներբեռնել ստորև.
