2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական գործընթացի շրջանակում «Ազատ քվե» դիտորդական առաքելությունն ուսումնասիրել է Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող չորս կուսակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար», թեկնածուների և կուսակցությունների գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Ուսումնասիրությունը կատարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած տվյալների հիման վրա։
Առաքելությունն ուսումնասիրել է 155 թեկնածուի և 4 կուսակցության հայտարարագրերը՝ ընդհանուր 487 էջ, և համադրել դրանք ընտրական ցուցակների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) հայտարարագրերի ռեգիստրի և լրատվամիջոցների հրապարակումների հետ։
Հիմնական արձանագրումները.
- «Քաղաքացիական պայմանագիր»-ի 50 թեկնածուներից 29-ը և «Գործարար»-ի 35 թեկնածուներից 15-ը աշխատում են համայնքային կամ պետական կառույցներում, այդ թվում՝ համայնքների ղեկավար կազմերում և հանրային հիմնարկների ղեկավար պաշտոններում.
- 13 թեկնածու հայտարարագրել է ավելի քան 10 մլն դրամի միջոցներ միայն դրամով, ևս 17-ը՝ նաև արտարժույթով միջոցներ. մի շարք դեպքերում դրամական միջոցները մի քանի անգամ գերազանցում են հայտարարագրված տարեկան եկամուտը.
- 14 թեկնածու ներկայացրել է ամբողջովին դատարկ հայտարարագիր, իսկ ընդհանուր առմամբ 42 թեկնածու նշել է զրոյական եկամուտ.
- 16 հայտարարագրում արձանագրվել են ակնհայտ սխալներ կամ բացթողումներ, այլ պաշտոնական աղբյուրների հետ անհամապատասխանություններ կամ եկամտի համեմատությամբ խիստ անհամաչափ գումարներ.
- «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարագրել են համապատասխանաբար շուրջ 1.53 և 1.45 մլրդ դրամի նվիրատվություններ՝ առանց նվիրատուների անունների, իսկ 35 թեկնածու առաջադրած «Գործարար»-ը ներկայացրել է զրոյական ցուցանիշներով հայտարարագիր.
- 155 հայտարարագրերից միայն մեկն է լրացված էլեկտրոնային եղանակով, մնացածը ձեռագիր լրացված և սկանավորված փաստաթղթեր են։
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է թեկնածուների և ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների կողմից գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու պահանջ, սակայն հայտարարագրված տվյալների համապարփակ ստուգման հստակ մեխանիզմ նախատեսված չէ։ Արդյունքում ընտրողը թեկնածուների ֆինանսական վիճակի մասին ստանում է միայն մասնակի պատկեր։
Զեկույցում ներկայացված են հայտարարագրերում և բաց աղբյուրներում արձանագրված փաստերն ու անհամապատասխանությունները, որոնք իրավական գնահատականներ չեն և չեն կարող դիտվել որպես իրավախախտման արձանագրում։ Թեկնածուները զեկույցում նշված են ընտրական ցուցակի համարով կամ պաշտոնով։
Ամբողջական զեկույցը՝ ըստ ցուցակների ընդհանուր պատկերով, վարչական ռեսուրսի ու շահերի բախման ռիսկերի վերլուծությամբ, առանձնացված դեպքերով և առաջարկություններով, կարող եք ներբեռնել ստորև.
