Ստեփանավան համայնքի և վարչական բնակավայրերի հետ առնչվող տեղեկատվական հարթակներում արձանագրվել է թեկնածուների նախընտրական նյութերի տարածման 11 դեպք։
2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական գործընթացի շրջանակում «Ազատ Քվե» դիտորդական առաքելությունը Ստեփանավան համայնքում իրականացրել է համայնքի և վարչական բնակավայրերի հետ առնչվող տեղեկատվական հարթակների հրապարակումների մշտադիտարկում։
Օգոստոսի 21-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Դիմակայուն Ստեփանավան», «Վարդաբլուրի Գյուղապետարան» և «Գարգառի տեղեկատվական անկյուն» էջերում արձանագրվել է 11 դեպք, երբ տարածվել են ընտրություններին մասնակցող երկու քաղաքական ուժերի՝ «Գործարար» կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու դրանց թեկնածուների նախընտրական բնույթի նյութեր։ Այդ նյութերի թվում են քարոզչական պաստառներ, գրառումներ, տեսանյութ և քվեաթերթիկի համարներ։
Արձանագրված դեպքերից 7-ը տեղի է ունեցել մինչև նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը (սեպտեմբերի 30), իսկ 4-ը՝ քարոզչության ընթացքում։
Դիտորդական առաքելությունը այս դեպքերը գնահատում է որպես վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործման ռիսկ պարունակող դեպքեր, որոնք կարող են ազդել ընտրություններին մասնակցող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների ապահովման վրա։ Վերջնական իրավական գնահատականը վերապահվում է իրավասու ընտրական և այլ համապատասխան մարմիններին։
Ամբողջական հայտարարությանը, այդ թվում՝ յուրաքանչյուր դեպքի նկարագրությանը և իրավական գնահատականին, կարող եք ծանոթանալ կից փաստաթղթում։
