Skip to content Skip to footer

2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական գործընթացի շրջանակում «Ազատ քվե» դիտորդական առաքելությունն ուսումնասիրել է Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող չորս կուսակցությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար», թեկնածուների և կուսակցությունների գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Ուսումնասիրությունը կատարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած տվյալների հիման վրա։

Առաքելությունն ուսումնասիրել է 155 թեկնածուի և 4 կուսակցության հայտարարագրերը՝ ընդհանուր 487 էջ, և համադրել դրանք ընտրական ցուցակների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) հայտարարագրերի ռեգիստրի և լրատվամիջոցների հրապարակումների հետ։

Հիմնական արձանագրումները.

  • «Քաղաքացիական պայմանագիր»-ի 50 թեկնածուներից 29-ը և «Գործարար»-ի 35 թեկնածուներից 15-ը աշխատում են համայնքային կամ պետական կառույցներում, այդ թվում՝ համայնքների ղեկավար կազմերում և հանրային հիմնարկների ղեկավար պաշտոններում.
  • 13 թեկնածու հայտարարագրել է ավելի քան 10 մլն դրամի միջոցներ միայն դրամով, ևս 17-ը՝ նաև արտարժույթով միջոցներ. մի շարք դեպքերում դրամական միջոցները մի քանի անգամ գերազանցում են հայտարարագրված տարեկան եկամուտը.
  • 14 թեկնածու ներկայացրել է ամբողջովին դատարկ հայտարարագիր, իսկ ընդհանուր առմամբ 42 թեկնածու նշել է զրոյական եկամուտ.
  • 16 հայտարարագրում արձանագրվել են ակնհայտ սխալներ կամ բացթողումներ, այլ պաշտոնական աղբյուրների հետ անհամապատասխանություններ կամ եկամտի համեմատությամբ խիստ անհամաչափ գումարներ.
  • «Քաղաքացիական պայմանագիր»-ը և «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարագրել են համապատասխանաբար շուրջ 1.53 և 1.45 մլրդ դրամի նվիրատվություններ՝ առանց նվիրատուների անունների, իսկ 35 թեկնածու առաջադրած «Գործարար»-ը ներկայացրել է զրոյական ցուցանիշներով հայտարարագիր.
  • 155 հայտարարագրերից միայն մեկն է լրացված էլեկտրոնային եղանակով, մնացածը ձեռագիր լրացված և սկանավորված փաստաթղթեր են։

ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է թեկնածուների և ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների կողմից գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու պահանջ, սակայն հայտարարագրված տվյալների համապարփակ ստուգման հստակ մեխանիզմ նախատեսված չէ։ Արդյունքում ընտրողը թեկնածուների ֆինանսական վիճակի մասին ստանում է միայն մասնակի պատկեր։

Զեկույցում ներկայացված են հայտարարագրերում և բաց աղբյուրներում արձանագրված փաստերն ու անհամապատասխանությունները, որոնք իրավական գնահատականներ չեն և չեն կարող դիտվել որպես իրավախախտման արձանագրում։ Թեկնածուները զեկույցում նշված են ընտրական ցուցակի համարով կամ պաշտոնով։

Ամբողջական զեկույցը՝ ըստ ցուցակների ընդհանուր պատկերով, վարչական ռեսուրսի ու շահերի բախման ռիսկերի վերլուծությամբ, առանձնացված դեպքերով և առաջարկություններով, կարող եք ներբեռնել ստորև.

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.