Ծրագրի նպատակն է պատրաստել փորձառու երիտասարդ աշխատողներին, ակտիվ ուսանողներին, ուսուցիչներին, համայնքի ավագանու անդամներին և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի այլ անդամների՝ որպես համայնքային խմբողներ, ովքեր, վերադառնալով իրենց համայնքներ, կարող են աջակցել և առաջնորդել ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին տեղական ժողովրդավարության, շահերի պաշտպանության և բովանդակալից մասնակցության մեջ։
Այս նպատակով Հայաստանի 4 մարզերում (Լոռի, Տավուշ, Շիրակ, Արագածոտն) անցկացվեցին եռօրյա ինտենսիվ դպրոցներ, որոնց ընթացքում մասնակիցները խորացված գիտելիքներ ստացան ՏԻՄ բյուջետավորման, լիազորությունների և բնակիչների ներգրավման գործիքների վերաբերյալ։ Դասընթացներից հետո խմբողներին տրամադրվեց շարունակական առցանց և անհատական մենթորություն, ինչն օգնեց նրանց սեփական բնակավայրերում անցանց տեղեկատվական հանդիպումներ կազմակերպել։ Հանդիպումների ժամանակ կիրառվեցին հատուկ տեղեկատվական վահանակներ և ՄԱԶԾ «ՏԻՄ-խաղ» ուսուցողական քվեստը, որը թույլ տվեց բարդ իրավական տեղեկատվությունը շահառուներին փոխանցել պարզ ու ինտերակտիվ ձևաչափով։
Ծրագրի արդյունքում նախատեսված 60 հանդիպման փոխարեն իրականացվեց 78 համայնքային հանդիպում, որոնց շնորհիվ ՏԻՄ գործընթացների և իրենց իրավունքների մասին իրազեկվեց 1278 բռնի տեղահանված հայրենակից (թիրախային ցուցանիշը՝ 1200)։ Մասնակիցների թվում կանանց և երիտասարդների ներգրավվածությունը կազմել է առնվազն 40%։
Նախաձեռնության ամենաշոշափելի հաջողություններից է այն, որ 4 տեղահանված անձինք (3-ը՝ Ապարան, 1-ը՝ Փամբակ համայնքում) արդեն իսկ պաշտոնապես ընդգրկվել են համայնքների ղեկավարներին կից գործող խորհրդակցական մարմինների կազմում՝ ուղղակիորեն մասնակցելով տեղական որոշումների կայացմանը։ Բացի այդ, պատրաստվել են 5 մուլտիմեդիա պատմություններ ծրագրի մասնակից կանանց մասին, ովքեր պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն ներգրավվել համայնքային կյանքի զարգացման գործում։
Սույն նախաձեռնությունն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի հասարակական կազմակերպության կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության կողմից և իրականացվում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։
