Վերջին շաբաթներին Հայաստանի Հանրապետության քաղաքական խոսույթում ակտիվացել է թեզը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության բացակայության դեպքում երկրում կարող է սկսվել նոր պատերազմ։ Տարբեր հայտարարություններով այս միտքը ներկայացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կուսակցության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
Այս թեման արդեն լայնորեն քննարկվում է նաև մեդիադաշտում, մասնավորապես՝ այն ներկայացվում է որպես ընտրական և անվտանգային խոսույթի մաս։ Factor TV-ի հրապարակումներում նշվում է, որ նման ձևակերպումները հաճախ ընկալվում են որպես «կա՛մ մենք, կա՛մ պատերազմ» տրամաբանության շարունակություն:
Թեզը, սակայն, հայ հասարակության համար նոր չէ, և այն պարբերաբար վերադառնում է քաղաքական տարբեր փուլերում։
2026 թ․ մարտի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ Գորիս կատարած այցի ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ եթե արդեն հաստատված խաղաղությունը վերանայվի, դրա զարգացման տրամաբանությունը կարող է տանել դեպի պատերազմ։
«Ասում են` մենք էլ դեմ չենք խաղաղությանը, բայց ուրիշ խաղաղության։ Այս խաղաղությունից նահանջելը, այս խաղաղությունից շեղվելը նշանակում է բոլորովին այլ բան։ Դա նշանակում է պատերազմ` հանուն ավելի լավ խաղաղության։ Իրենք այդպես չեն ասում, բայց փաստացի դա է ստացվում։ Ասում են` մենք ավելի լավ խաղաղություն ենք ուզում։ Ինչպե՞ս։ Ի՞նչ է ավելի լավ խաղաղությունը։ Այդ մարդկանց խոսույթը վերլուծելով` ես գալիս եմ հետևյալ եզրակացության. մարդիկ ուզում են պատերազմ` հանուն ավելի լավ խաղաղության։ Դա աբսուրդ է», — նշել է Ն․ Փաշինյանը։
Օրեր անց՝ մարտի 19-ին, լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը հայտարարել էր, որ «կամ ՔՊ-ն կունենա սահմանադրական մեծամասնություն, կա՛մ կլինի պատերազմ»։ Նա նաև նշել էր, որ Հայաստանը երկար տարիներ ունեցել է «սառեցված պատերազմ», և խաղաղությունը պետք է պահպանել, հակառակ դեպքում հնարավոր է նոր էսկալացիա։
Այս ձևակերպումը հասարակական և քաղաքական դաշտում առաջացրեց լայն արձագանք։
Հայտարարություններին արձագանքեց նաև արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Մարտի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ նման խոսքերը պետք է դիտարկել որպես քաղաքական գնահատական, ոչ թե բառացի սպառնալիք։ «Ազատություն» ռադիոկայանի՝ «Միրզոյանը պատերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը շանտաժ չի համարում» ռեպորտաժում վարչապետի հայտարարության շանտաժ լինելու մասին հարցին, Միրզոյանը պատասխանել է. «Որ այդպիսի հեռանկար կարող է լինել, միանշանակ է: Րոպեներ առաջ հանձնաժողովում խոսում էինք, այդ թվում՝ այն ընդդիմադիր պատգամավորների հետ, ում գաղափարախոսությունն այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան։ Շանտաժն այստեղ ո՞րն է: Մենք առաջարկում ենք խաղաղություն, ասում ենք՝ մեր երկրին պետք է խաղաղություն: Այլ պայմաններում, մեր խորը համոզմամբ, ՀՀ գոյությունը՝ որպես անկախ պետություն, կհայտնվի մեծ կասկածի տակ: Եվ կա զուգահեռ առաջարկը՝ «չէ, այս Հայաստանը մեզ ընդհարապես պետք չէ»»: Նախարարի համոզմամբ՝ այս մարդկանց իշխանության գալու դեպքում անմիջապես խնդիրներ են առաջանալու հարևան երկրների հետ:
Վարչապետի այս հռետորաբանությունը նոր չէ։ Դեռևս 2024 թվականին սահմանամերձ բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա նշել էր, որ եթե Հայաստանը չգնա զիջումների, «պատերազմ կարող է սկսվել նույնիսկ շաբաթվա ընթացքում»։ Այս հայտարարությանն անդրադարձան բազմաթիվ լրատվական կայքեր։ «Ազատություն» ռադիոկայանի կայքում հրապարակված ««Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք». վարչապետ» ռեպորտաժում ներկայացված են վարչապետի ուղիղ մեջբերումները ։
Ընդդիմության ներկայացուցիչները այս հայտարարությունները որակել են որպես «վախի քաղաքականություն»։ Մարտի 21-ին աշտարակցիների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ իշխանությունը փորձում է հանրությանը փոխանցել ուղերձ՝ «եթե մենք չլինենք՝ կլինի պատերազմ»։
Տարբեր վերլուծաբաններ պնդում են, որ նման ձևակերպումները քաղաքական գործիքներ են, որոնք կարող են ազդեցություն ունենալ հանրային տրամադրությունների վրա։
Միջազգային հակամարտությունների կարգավորման մասնագետ Հրայր Պալեանի վերլուծությունը, որը հրապարակված է CivilNet.am կայքում, նշվում է, որ ընտրությունները որպես «պատերազմի կամ խաղաղության» հանրաքվե ներկայացնելը շրջում է որոշումների կայացման իրական կառուցվածքը։
Քաղաքագետ Թևան Պողոսյանը կարծում է, որ նման հայտարարությունները հաճախ կապված են քաղաքական դիրքերի պահպանման տրամաբանության հետ՝ իշխանությունը կորցնելու վախից և ժողովրդին շանտաժի ենթարկելու համար։ Հայտարարությունը տեղ է գտել Factor.am- ի` ««Կա՛մ մենք, կա՛մ պատերազմ»․ ՔՊ-ի քաղաքական խոսույթը՝ ընտրություններից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ» ռեպորտաժում։
Նույն ռեպորտաժում ներառված է նաև քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի կարծիքը, ըստ որի՝ ընտրական գործընթացում նման խոսույթը վիճահարույց է, քանի որ այն կառուցվում է անվտանգային ռիսկերի շեշտադրման վրա։ Մի կողմից՝ վերլուծաբանի խոսքով․ «Ակնհայտ է՝ այստեղ որոշակի սարսափեցման էլեմենտ կա։ Եթե ասում են, որ իրենք չլինեն, ուրեմն այլ տարբերակով կլինի պատերազմ, դա հենց այդ սև-սպիտակի տարբերակն է։ Այսինքն՝ մնացած բոլոր ուժերը պատերազմի կողմնակից են կամ ռուսական քաղաքականության կրող են Հայաստանում»։ Մյուս կողմից Հ․ Խուրշուդյանը նշում է. «Փաշինյանի խոսույթում ավելի շուտ ակնարկ կա նախկին իշխանությունների հետ կապված։ Այս դեպքում վարչապետը ճիշտ է։»
ՀՀ-ում նման խոսույթը նոր չէ։ Հայաստանի քաղաքական դաշտում «պատերազմի վտանգը» որպես ընտրական գործիք կիրառվել է տարբեր ժամանակահատվածներում՝ տարբեր դերակատարների կողմից։ 1990-ականներից հետո տարբեր ընտրությունների ժամանակ իշխանությունները հաճախ շեշտել են՝ «կայունությունը», «անվտանգությունը» և «պատերազմի վտանգը»։
* Օրինակ՝ դա ակնհայտ էր 2008 թ․ նախագահական ընտրությունների ժամանակ, երբ հիմնական թեկնածուները Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն էին։ Իշխանություն ստանձնած Սերժ Սարգսյանի թիմը շեշտում էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ և խիստ անհրաժեշտ է «փորձառու ղեկավարություն»։ Նոր կամ «անփորձ» իշխանությունը կարող է բերել իրավիճակի ապակայունացման և անվտանգության հարցն առաջնային է։ Ընդդիմություն հանդիսացող Լևոն Տեր-Պետրոսյանը հակադարձում էր, որ իշխանությունն օգտագործում է «պատերազմի վախը»՝ իր դիրքերը պահպանելու համար։
* 2013 թ․ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի թիմը կրկին շեշտադրում էր տարածաշրջանային անկայունությունն ու Ադրբեջանի հետ լարվածությունը։ Հիմնական նարատիվը «կայունությունը չխախտելն» ու «անվտանգությունը վտանգի տակ չդնել»։ Ռաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում էր, որ իշխանությունը «վախի մթնոլորտ» է ստեղծում, ընտրությունը ներկայացվում է որպես «կա՛մ մենք, կա՛մ վտանգ»։
* 2017 թ․ խորհրդարանական ընտրություններն արդեն 2016 թվականի ապրիլյան քառօրյա մարտերից հետո էին, և սա հող էր իշխանության համար ստեղծելու խոսույթ՝ «պետք է ուժեղ պետություն», «անվտանգությունը առաջնային է»։ Արձանագրենք, որ այս շրջանում պատերազմի թեման ավելի քան իրական հիմք ուներ։ Նիկոլ Փաշինյանը և այլ ընդդիմադիրներ պնդում էին, որ իշխանությունը շահարկում է անվտանգությունը, իրականում խնդիրները գալիս են հենց կառավարման ձախողումներից։
* 2018 թվականի հեղափոխությունից հետո այս խոսույթն ակտիվացավ արդեն 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ 2020-ի Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո արդեն իշխանական Նիկոլ Փաշինյանի խոսույթը «խաղաղության օրակարգն» էր և պատերազմի կրկնությունից խուսափելու անհրաժեշտությունը։ Նրա և թիմակիցների կողմից պնդումներ էին հնչում, որ խաղաղության պայմանագիր կնքելը հավասարազոր է կանխելու հայ-ադրբեջանական պատերազմները։ Ընդդիմադիր դաշտում խոսույթն այլ էր։ Նրանք ժամանակի իշխանություններին ներկայացնում էին որպես պարտվող կողմ և հատկապես Ռոբերտ Քոչարյանի կողմից շեշտադրվում էր ուժեղ բանակ ունենալու և «պատվով խաղաղություն» կերտելու խոսույթը։ Նրանք նշում էին, որ թուլությունը բերում է պատերազմի և ընտրությունները հարմար ժամանակն էին վերականգնելու ուժային հավասարակշռությունը։
Համադրելով փաստերն ու քաղաքական հայտարարությունները՝ հստակ նախանշվում է կրկնվող օրինաչափություն։ Բոլոր ընտրություններում նկատվում է նույն կառուցվածքը․ իշխանությունները շեշտում են անվտանգությունը, զգուշացնում հնարավոր ռիսկերից խուսափելու անհրաժեշտությունը, իսկ ընդդիմություն մեղադրում է իշխանությանը վախի մթնոլորտ ստեղծելու մեջ։
Քաղաքագիտական տեսանկյունից պատերազմի վախը ընտրությունների ժամանակ օգտագործվում է, որովհետև՝ այն շատ արագ և ուժեղ ազդեցություն է ունենում ընտրողների վրա, մարդկանց կանգնեցնում էէ «անվտանգությու՞ն, թե՞ պատերազմի ռիսկ» ընտրության առաջ, նաև նվազեցնում է այլ թեմաների (տնտեսություն, սոցիալական խնդիրներ) ազդեցությունը։
Այս երևույթը քաղաքագիտական շրջանակներում հայտնի է որպես «վախի քաղաքականություն» (politics of fear), երբ ընտրողին ներկայացվում է երկընտրանք՝ կա՛մ գործող իշխանություն և «կայունություն», կա՛մ ընդդիմություն և «պատերազմ/քաոս»։
Ակադեմիական գրականության մեջ կարելի է հանդիպել Corey Robin-ի աշխատության հիման վրա հրապարակված հոդվածը, որտեղ նշվում է, որ «վախը» ոչ միայն հասարակական զգացմունք է, այլ նաև քաղաքականորեն կառուցվող և կառավարվող երևույթ, որը կարող է օգտագործվել քաղաքական որոշումների և օրակարգերի ձևավորման համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հայտարարությունները փաստացի բազմիցս կրկնվել են վերջին ամիսներին։ Սակայն դրանց գնահատումը միանշանակ չէ։ Մի կողմից՝ դրանք արտացոլում են իրական անվտանգային մտահոգություններ։ Մյուս կողմից՝ դրանք տեղավորվում են ընտրական հռետորաբանության լայնորեն կիրառվող մեթոդաբանության մեջ, երբ անվտանգության սպառնալիքը ներկայացվում է որպես քաղաքական ընտրության ուղիղ հետևանք։ Նման հայտարարությունները հաճախ ուղղված են ընտրողների վարքի վրա ազդելուն։
Օգտագործված պաշտոնական աղբյուրներ և հղումներ
1.«Կա՛մ մենք, կա՛մ պատերազմ»․ ՔՊ-ի քաղաքական խոսույթը՝ ընտրություններից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, 24.03.2026, https://factor.am/998711.html 2.Ն․ Փաշինյանի հանդիպումը գորիսի բնակիչների հետ, հայտարարության հղումը, 15․03․2026, https://www.youtube.com/watch?v=UDK2W0zx3Ws 3.Լրագրողների հետ ճեպազրույց, 19․03․2026, https://www.youtube.com/watch?v=QX-_5mkmnEk 4.«Միրզոյանը պատերազմի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը շանտաժ չի համարում» ռեպորտաժ, 23․03․2026, https://www.azatutyun.am/a/33713365.html
5.«Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք». վարչապետ», 19․03․2026, https://www.azatutyun.am/a/32868787.html 6.Իշխանության՝ «Եթե մենք չլինենք, ապա պատերազմ է լինելու» թեզն ամենաստորացուցիչն է. Ռոբերտ Քոչարյան, 21․03․2026 https://news.am/arm/news/937979.html 7.Պատերազմով վախեցնելը վտանգավոր է երկրի ժողովրդավարության և անվտանգության համար, 05․04․2026 https://civilnet.am/hy/news/1011125
8.««Կա՛մ մենք, կա՛մ պատերազմ»․ ՔՊ-ի քաղաքական խոսույթը՝ ընտրություններից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ» ռեպորտաժ, 24.03.2026 https://factor.am/998711.html
9.The Politics of Fear, Corey Robin, 06.05.2015 https://web.archive.org/web/20160304050837/http://cle.ens-lyon.fr/anglais/the-politics-of-fear—252008.kjsp?RH=CDL_ANG000000
Ամբողջական նյութը հասանելի է հայերենով։
