Skip to content Skip to footer

2026 թվականի ապրիլի 12-ին Հունգարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները դարձան Եվրոպայում տարվա ամենաքննարկված քաղաքական իրադարձություններից մեկը։ Ընդդիմադիր ուժերի հաղթանակից հետո հանրային և մեդիա խոսույթում ակտիվորեն շրջանառվում է «Հունգարիան ընդդիմության հաղթանակով վերադառնում է Եվրոպա» մի թեզը։
Արդյո՞ք սա փաստ է, թե քաղաքական ձևակերպում․ փորձենք հասկանալ փաստերով։ 

Նոր օրակարգ. Վիկտոր Օրբանի 16-ամյա իշխանության ավարտը 

Նախ պարզաբանենք՝ ինչ է իրականում տեղի ունեցել Հունգարիայում։
Վիկտոր Օրբանը Հունգարիայի պատմության ամենաերկարակյաց ղեկավարներից մեկն էր։ Նա վարչապետի պաշտոնը զբաղեցրել է երկու փուլով՝ 1998-2002 թթ., 2010-2026 թթ.։ Իշխանության 16 տարում նա հիմնովին փոխել էր երկրի սահմանադրական և քաղաքական դեմքը։

 Ըստ Yerevan.today կայքի հադվածի հունգար ժողովուրդը դժգոհ էր գործող իշխանություններից։ Չնայած տարիներ շարունակ ունեցած բարձր վարկանիշին, Օրբանի կառավարության դեմ դժգոհությունները կուտակվել էին մի քանի հիմնական ուղղություններով.

  • Իշխանության մերձավոր շրջապատի անհիմն հարստացումը և պետական միջոցների յուրացումը դարձել էին հանրային զայրույթի գլխավոր թեման։
  • Կենսամակարդակի անկումը, բարձր գնաճը և առողջապահության ու հանրային տրանսպորտի համակարգերի վատթարացումը ստիպեցին նույնիսկ նախկին կողմնակիցներին երես թեքել իշխանությունից։
  • Օրբանի մշտական հակամարտությունները Եվրամիության հետ և Ուկրաինային աջակցելու հարցում նրա դիմադրությունը շատ հունգարացիների մոտ մտավախություն էին առաջացրել, որ երկիրը կարող է դուրս մնալ եվրոպական ընտանիքից ։

Ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը՝  Պետեր Մագյարի առաջնորդությամբ, տարել է ջախջախիչ հաղթանակ՝ ստանալով ձայների ավելի քան 53%-ը։ Նրանք կկազմեն սահմանադրական մեծամասնություն՝ ստանալով խորհրդարանական 138 տեղ՝ 199-ից։ Այսպիսով՝ վերջ դնելով Վիկտոր Օրբանի 16-ամյա իշխանությանը։
Նոր իշխանությունը հանդես է գալիս պրոեվրոպական և հակակոռուպցիոն օրակարգով:
 Այսինքն՝ իշխանության փոփոխությունը փաստ է։

Ի՞նչ է թաքնված «Վերադարձ Եվրոպա» նարատիվի հետևում
Մեդիայում և հանրային արձագանքներում այս ընտրությունները հաճախ բնութագրվել են որպես «վերադարձ Եվրոպա», հատկապես ընտրություններից հետո Բուդապեշտում հնչած գնահատականներում։ Սա քաղաքական և սիմվոլիկ ձևակերպում է, ոչ թե պաշտոնական կամ իրավական փոփոխություն, հաստատում։

Արդյոք Հունգարիան «դուրս էր եկել Եվրոպայից». այս հարցն ունի հստակ պատասխան՝ ոչ։ Հունգարիան 2004 թվականից մշտապես եղել է ԵՄ անդամ պետություն։ Սակայն կա մեկ նյուանս․ Օրբանի կառավարման ընթացքում հարաբերությունները Եվրամիության հետ սրվել էին, կասեցվել էին որոշ ֆինանսական աջակցություններ, ընդհատվել էին ԵՄ կողմից իրականացվող ծրագրերը։ Ակնհայտորեն երկրում առկա էին ժողովրդավարության հետ կապված խնդիրներ
 Ուստի «վերադարձ Եվրոպա» նշանակում է ոչ թե իրավական վերադարձ, այլ քաղաքական ուղենիշի փոփոխություն՝ դեպի ԵՄ արժեքներ։

Ըստ  https://www.theguardian.com/europe -ի՝ այս ընտրությունների արդյունքները պայմանավորված չէին միայն արտաքին քաղաքականությամբ։ Կատարած վերլուծությունները ցույց են տալիս, որ Օրբանի պարտության հիմնական պատճառները տնտեսական խնդիրներն էին, կոռուպցիոն սկանդալները, ներքին կառավարման դժգոհությունները։ Այսինքն՝ ժողովրդի կողմից կատարած ընտրությունը ամբողջովին հիմնված չէ «պրոեվրոպական ընտրություն» թեզի վրա, ընտրողները հիմնականում արձագանքել են ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներին։

Հունգարիայի ընտրություններից հետո հայկական մեդիայում և սոցիալական հարթակներում տարածվեցին  հրապարակումներ, որոնցում մտահոգություններ կային, որ այս իրողությունը կարող է ձևավորել քաղաքական նարատիվներ Հայաստանում։ Փորձենք հասկանալ՝ ինչ են ցույց տալիս փաստերը։
Հունգարիայի ընտրություններից հետո որոշ  շրջանակներ պարբերաբար անդրադառնում են  թեմային։ Օրինակ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան հրապարակման մեջ նշում է 3 պատճառ, թե ինչու պետք է հայերը հետևեն Հունգարայի ընտրություններին։ Նա գրում է․ «նման դիկտատորի, նման ավտորիտար կառավարչի հնարավոր պարտությունը և այդ պարտության անատոմիան կարող են հետաքրքիր և օգտակար լինել Հայաստանի ընդդիմությանը»։ Որևէ պաշտոնական  և կամ հետազոտական հաստատված տվյալ, որ Հունգարիայի ընտրությունները ուղղակի ազդեցություն ունեն կամ կունենան Հայաստանի Հանրապետության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վրա, չկա։ Սակայն միջազգային օրինակները հաճախ օգտագործվում են ներքաղաքական քարոզչության մեջ։
Քաղաքական հաղորդակցության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարբեր երկրների ընտրական փորձը հաճախ օգտագործվում է որպես քարոզչական օրինակ կամ նարատիվ այլ երկրներում (ինչպես Ա․ Աշոտյանի հրապարակման օրինակում, որտեղ 3-րդ կետում խոսվում է Վիկտոր Օրբանի հաստատած ավտորիտար ռեժիմի մասին և համեմատական տարվում Նիկոլ Փաշինյանի կառավարման ձևի հետ)։
Այսինքն՝ հնարավոր է անուղղակի ազդեցություն՝ տեղեկատվական և նարատիվային մակարդակում, ոչ թե ինստիտուցիոնալ կամ իրավական։
Չնայած «Վերադառնալ Եվրոպա» արտահայտությունը քաղաքական մեկնաբանություն է, այնուամենայնիվ, նման ձևակերպումները կարող են օգտագործվել նաև հայկական քաղաքական խոսույթի մեջ՝  եվրոպամետ կամ հակաեվրոպական քարոզչության ուղղությամբ։ Ընտրական քննարկումներում այս ամենը կարող է օգրագործվել հանրային կարծիքի վրա ազդեցություն գործադրելու նպատակով։

Խոսենք փաստերով։ Այս նարատիվը Հայաստանում օգտագործվում է որպես քաղաքական ուղեգծի օրինակ, որպես «եվրոպական ընտրության հաղթանակ» կամ «եվրոպական ուղու ընտրություն»։ Օրինակ «Միասնության թևեր» նախաձեռնության անդամ  Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «դեպի Եվրոպա ճանապարհը սկսվում է ոչ թե Ստրասբուրգից կամ Բրյուսելից, այլ Երևանից»։ Նա հրապարակման մեջ նշել է «4 գիծ՝ դեպի Եվրոպա ճանապահին»։ 

Հունգարիայի ընտրությունները դիտարկվում են որպես իշխանության փոփոխության մեխանիզմի արդյունավետ գործարկում։ Այսինքն՝ «ժողովրդավարությունը հաղթում է ընտրություններով»։ Միջազգային կազմակերպությունները ընտրությունները դիտարկում են որպես ժողովրդավարական գործընթացի հիմնական գործիք։ Հայկական խոսույթում արդեն իսկ տարբեր պաշտոնյաներ անդրադարձել են ընտրություններին մասնակցության կարևորությանը, ընդգծել ընտրությունների դերը՝ որպես փոփոխության գործիք՝ ընդ որում այս խոսույթն օգտագործվել է և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական գործիչների կողմից։ 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած քննարկման ժամանակ իր խոսքում կարևորել է ընտրություններին մասնակցությունը։

Արդեն իսկ իշխանական ներկայացուցիչների կողմից կա տարածված խոսույթ, ըստ որի՝ ԵՄ-ին մոտ լինելը տնտեսական և քաղաքական առավելություն է։ Ի տարբերություն Հունգարիայի, Հայաստանը համագործակցում է ԵՄ-ի հետ տարբեր ծրագրերի շրջանակում։ Սա դիտարկվում է որպես զարգացման մոդելի հիմնավորում, կապվում է տնտեսական բարելավումների սպասումների հետ։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2019 թվականին էր Բրյուսելում հայտարարել՝ «ԵՄ ընդլայնված աջակցությունը կօգնի մեզ առաջ շարժվել ավելի վճռականորեն»։

Տարածվում է խոսույթ, թե ընտրությունները կարող են որոշել երկրի աշխարհաքաղաքական ուղղությունը։ Ընտրությունների արդյունքում կառավարությունները կարող են փոխել արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Հունգարիայում տարբեր փուլերում արձանագրվել են ԵՄ-ի հետ հարաբերությունների փոփոխություններ ։ 

Եթե այս ամենը պրոյեկտենք հայկական իրականության վրա,ապա կարող ենք այս խոսույթը տեսնել և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր գործիչների ելույթներում։ Օրինակ քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հրապարակած տեքստին: Նա նշել է․ «Սամվել Կարապետյանն այսօր ChatGPT-ից գռդոն արած մի տեքստ է տարածել, որից ակնհայտ է, որ նա վեց երգ գիտի, վեցն էլ Ռուսաստանի մասին, ու վերջնականապես հաստատել է, որ ինքը իսկապես ցարի «посланник»-ը՝ սուրհանդակն է Հայաստանում ու ՀՀ շահերի հետ որևէ առնչություն չունի»։ 

Սա անուղղակի ձևով ներկայացնում է, որ Սամվել Կարապետյանին ընտրելու դեպքում Հայաստանը փոխելու է քաղաքական վեկտորը՝ գնալով դեպի Ռուսաստանի Դաշնություն։

Հունգարիայի ընտրությունները ցույց են տալիս, որ ընտրողները կարող են փոխել երկարամյա իշխանություն, արտաքին քաղաքական ուղղությունը կարող է դառնալ ընտրական օրակարգ։  Սա ընդհանուր ժողովրդավարական օրինակ է, որը կարող է օգտագործվել քաղաքական քարոզչության մեջ Հայաստանում։

Օգտագործված պաշտոնական աղբյուրներ և հղումներ

1.Ո՞վ հաղթեց Հունգարիայի ընտրություններում, և ինչո՞ւ Օրբանը պարտվեց, 13․04․2026, https://yerevan.today/vo%D5%9Ev-haghthec-hungariayi-ehntruthyunnerum-ev-incho%D5%9Ew-orbaneh-partvec/ 2.Կուսակցության պաշտոնական կայքէջ, https://magyartisza.hu/hirek/ujsag 
3.Հունգարիան նշում է իր «վերադարձը Եվրոպա»՝ Վիկտոր Օրբանի ծանր ընտրական պարտությունից հետո, 13․04․2026, https://www.lemonde.fr/international/article/2026/04/13/apres-la-severe-defaite-de-viktor-orban-aux-elections-legislatives-les-hongrois-celebrent-leur-retour-en-europe_6679659_3210.html?search-type=classic&ise_click_rank=1 
4.«ԵՄ միջոցների սառեցում․ արդյո՞ք արդյունավետ գործիք է օրենքի գերակայությունը ապահովելու համար», 27․02․2025, https://www.cer.eu/insights/freezing-eu-funds-effective-tool-enforce-rule-law 
5.«Ինը դաս ԱՄՆ-ի համար՝ Վիկտոր Օրբանի պարտությունից» , 21․04․2026, https://www.theguardian.com/commentisfree/2026/apr/21/viktor-orban-hungary-lessons 
6.Հունգարիայի ընտրություններին հետևելու 3 պատճառ, 12․04․2026, https://www.facebook.com/armen.ashotyan/posts/pfbid0hyBeD9LEYJxNACPMD3f9WWbfPGtpS4aVbsfzjZv96rjmTYhGKPGfpQcivKhjJq3Jl 
7.ժողովրդավարության վիճակը Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող տարածաշրջանում՝ 1996-ից մինչև 2024 թվականները, https://freedomhouse.org/report/nations-transit 
8. 4 գիծ ոչ թե Եվրոպայի, այլ մեզ համար. ԵՄ խորհրդարանում Փաշինյանի ելույթի հետքերով, 13․03․2026, https://www.facebook.com/arman.tatoyan.2025/posts/pfbid0o3PxvNEBQTsXx4gTksBnL77te7LLrxgSFyj8m8NvKnQ9SQJWC9qwxwjuS59WAiG7l 
9.ԵԱՀԿ ծավալած գործունեությունը տարբեր երկրների ընտրությունների ժամանակ, https://odihr.osce.org/odihr/elections 
10.Լուծումը հունիսի 7-ից առաջ կարճ բանաձևումների ստեղծումը և դրա շուրջ հասարակության կոնսոլիդացիայի ապահովումն է. Սուրենյանց, 22․04․2026, https://www.panorama.am/am/news/2026/04/22/%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D5%B6-%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D6%81/3157377 11.ԵՄ ընդլայնված աջակցությունը կօգնի մեզ առաջ շարժվել ավելի վճռականորեն․ Փաշինյան, 05․03․2019, https://civilnet.am/hy/video/189595 
12.Հունգարիայի Ազգային ժողովի ընտրությունների մասին ձեր ուղեցույցը, 06.0.2026, https://www.atlanticcouncil.org/content-series/eye-on-europes-elections/your-primer-on-the-hungarian-national-assembly-elections/ 13.Սամվել Կարապետյանի գռդոն արած տեքստից ակնհայտ է, որ նա 6 երգ գիտի, 6-ն էլ Ռուսաստանի մասին. Առաքելյան, 07․04․2026, https://www.armtimes.com/hy/article/334312 
14.Ի՞նչ է վճռվում Հունգարիայի ընտրություններով, 11․03․2026,  https://www.csis.org/analysis/what-stake-hungarys-election 

Ամբողջական նյութը հասանելի է հայերենով։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.