Ծրագրի հիմնական նպատակն էր հզորացնել և խթանել երիտասարդների բովանդակային ու նշանակալից ներգրավվածությունը տեղական մակարդակներում, հատկապես՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների գրագիտության բարձրացման գործընթացներում։ Նախաձեռնությունն ուղղված էր Հայաստանի դժվարհասանելի և գյուղական համայնքներում գործող երիտասարդական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, աշխատանքային օրենսդրության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև երիտասարդների իրավագիտակցության խթանմանն ու աշխատաշուկայում առկա մարտահրավերների հաղթահարմանը։
Ծրագրի շրջանակներում Հայաստանի 8 տարբեր մարզերից ընտրված 20 երիտասարդական աշխատողների համար Գյումրի քաղաքում անցկացվեց քառօրյա ինտենսիվ դասընթաց։ Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ և ինտերակտիվ գործիքների կիրառմամբ՝ մասնակիցները խորացրեցին իրենց գիտելիքները մարդու իրավունքների և աշխատանքային օրենսդրության հիմնադրույթների շուրջ։ Դասընթացի ընթացքում ներկաները բացառիկ հանդիպումներ և առցանց քննարկումներ ունեցան նաև ոլորտային գերատեսչությունների՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների ու փորձագետների հետ։
Հաջորդիվ, ոլորտային առաջատար փորձագետների կողմից մշակվեց երիտասարդական աշխատողների համար նախատեսված հատուկ հայալեզու ուսումնական ձեռնարկ՝ «ԵՍ՝ Աշխատանքային իրավունքի դեսպան» խորագրով, որը ներառեց ոչ ֆորմալ կրթության 4 յուրօրինակ մեթոդաբանական գործիք։ Ծրագրի ավարտական փուլում վերապատրաստված մասնակիցները, կիրառելով ստացած գիտելիքներն ու մշակված ձեռնարկը, իրենց համայնքներում նախաձեռնեցին 17 տեղական հետդասընթացներ և իրազեկման արշավներ։ Միևնույն ժամանակ, սոցիալական մեդիայում տարածվեցին աշխատանքային իրավունքները պարզաբանող 10 տեղեկատվական պաստառներ։
Նախաձեռնությունը նշանակալի ազդեցություն թողեց տեղական մակարդակում երիտասարդների իրավական ակտիվացման գործում։ Բացի ուղղակի մասնակիցներից, համայնքային արձագանքման միջոցառումների շնորհիվ ծրագրում ներգրավվեց ավելի քան 210 անուղղակի շահառու։ Ծրագրի կարևորագույն և կայուն արդյունքներից է այն, որ ձևավորվեց «Աշխատանքային իրավունքի դեսպանների» կայուն ցանց, և տեղական գործընկեր կազմակերպությունների ու երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ ստեղծված կրթական ռեսուրսները շարունակում են ծառայել համայնքների երիտասարդների հզորացմանը։
Ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից։ Այն ֆինանսավորվում է Եվրոպայի Խորհրդի Եվրոպական Երիտասարդական Հիմնադրամի կողմից:
