2025 թվականի մարտի 23-ին, «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում Տաշիր համայնքում տեղի ունեցավ հերթական դասընթացը։ ««Տաշիր Պլյուս» ՏԱԽ Տարածքային Զարգացման» ՀԿ-ի գրասենյակում դասընթացավար Դավիթ Հակոբյանը մասնակիցներին ներկայացրեց հաղորդակցության, հանրային խոսքի և նախագծերի կառավարման առանցքային թեմաները։
Աշխատարանի ընթացքում երիտասարդները ծանոթացան հաղորդակցության էությանն ու բաղկացուցիչ տարրերին, ուսումնասիրեցին լսարանի հետ աշխատելու հիմնական գործիքներն ու ռազմավարությունները։ Օրվա երկրորդ հատվածում ձևավորված 5 աշխատանքային խմբերը քարտեզագրեցին և վերհանեցին Տաշիր համայնքի երիտասարդությանը հուզող 5 կարևոր հիմնախնդիրները։
Միջոցառումն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից:
