2025 թվականի մարտի 22-ին, «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում Տաշիր համայնքում տեղի ունեցավ հերթական դասընթացը։ ««Տաշիր Պլյուս» ՏԱԽ Տարածքային Զարգացման» ՀԿ-ի գրասենյակում մասնակիցները դասընթացավար Վահե Խաչիկյանի հետ քննարկեցին առաջնորդության էությունը, առաջնորդի առանցքային ունակությունները և տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունը Հայաստանում։
Խմբային աշխատանքների միջոցով երիտասարդներն ուսումնասիրեցին համայնքային պաշտոնական կայքը և դրա ընձեռած հնարավորությունները։ Արցախից տեղահանված և այժմ Տաշիրում բնակվող մասնակիցներից Սվետլանան նշեց, որ համայնքային կայքի գոյությունն իր համար բացահայտում էր․ «Զարմացած եմ, որ կա համայնքային կայք, որը հեշտացնում է բնակիչների մասնակցությունը համայնքային կյանքին՝ տալով հնարավորություններ խնդիրների բարձրաձայնման և իրազեկման համար»։
Միջոցառումն իրականացվում է «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության կողմից:
