2025 թվականի սեպտեմբերին Ստեփանավան բազմաբնակավայր համայնքում մեկնարկեց «Կայուն զարգացման նպատակները համայնքներում. խնդիրներ և լուծումներ» ծրագրի երկօրյա դասընթացը։ Միջոցառմանը մասնակցեցին 25 կանայք և աղջիկներ, ովքեր պատրաստակամ են ստանձնելու համայնքային զարգացման առաջամարտիկի դերը։
Օրվա առաջին հատվածում դասընթացավար Մադլեն Մինասյանի հետ մասնակիցները բացահայտեցին առաջնորդի առանցքային ունակությունները։ Թիմային վարժությունների և քննարկումների միջոցով վերլուծվեցին առաջնորդի ու ղեկավարի տարբերությունները, ինչպես նաև այն անհատական հատկանիշները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ առաջնորդության համար։
Դասընթացի երկրորդ կեսին դասընթացավար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց «Կայուն զարգացման նպատակները և ջատագովություն» թեման։ Կիրառելով «ԿԶՆ քարտեզագրում» (SDG Mapping) մեթոդը՝ մասնակիցները վերհանեցին Ստեփանավան համայնքի առջև ծառացած խնդիրները։ Այս քարտեզագրման արդյունքների հիման վրա կազմվելու է համապարփակ ամփոփ զեկույց, որը կներկայացնի ծրագրի թիրախ երեք համայնքների խնդիրները՝ համադրված կայուն զարգացման գլոբալ նպատակների հետ։
Սույն դասընթացն իրականացվել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի (NGO Center) «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։
