2025 թվականի հոկտեմբերի 12-ին Ստեփանավան խոշորացված համայնքում շարունակվեց «Կայուն զարգացման նպատակները համայնքներում. խնդիրներ և լուծումներ» ծրագրի երկօրյա դասընթացը։ Երկրորդ օրը նվիրված էր համայնքային կառավարմանը և իրավունքների պաշտպանությանը։
Օրվա առաջին հատվածում դասընթացավար Քրիստինե Հովսեփյանի հետ մասնակիցները ծանոթացան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) գործունեությանը։ Քննարկվեցին քաղաքացիական ակտիվ և պասիվ մասնակցության մեխանիզմները, ինչպես նաև գործնականում ուսումնասիրվեց Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջը՝ որպես տեղեկատվության ստացման և հետադարձ կապի կարևոր հարթակ։
Դասընթացի երկրորդ կեսին դասընթացավար Վարսիկ Ներկարարյանը ներկայացրեց «Կանանց իրավունքներ» թեման։ Ինտերակտիվ վարժությունների միջոցով մասնակիցները վերլուծեցին կանանց դերը համայնքային կյանքում և նրանց ներգրավվածության կարևորությունը տեղական զարգացման ծրագրերում։
Սույն դասընթացն իրականացվել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի (NGO Center) «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։
