Մարտի 29-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական՝ տասներորդ աշխատարանը։ Հանդիպումը վարում էր ծրագրի դասընթացավար Վահե Խաչիկյանը, ում առաջնորդությամբ քննարկվեցին ժողովրդավարական հասարակարգի համար առանցքային մի շարք թեմաներ։
Աշխատարանի օրակարգում ներառված էին քաղաքացիական մասնակցության հնարավոր տարբերակները՝ հանրաքվեներից մինչև նորարարական թվային հարթակներ։ Մասնակիցներն ուսումնասիրեցին ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման մեխանիզմներն ու իրավախախտումների կանխարգելման արդյունավետ եղանակները։
Միջոցառման երկրորդ մասում կազմակերպվեց սիմուլյացիոն խաղ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան ստանձնել ընտրական գործընթացի մասնակիցների դերերը։ Նրանք գործնականում իրականացրեցին քվեարկության ողջ շղթան՝ տեղամասի նախապատրաստումից և կահավորումից մինչև արդյունքների վերջնական ամփոփում։
Հատկանշական է, որ դասընթացին մասնակցում էր բազմազան լսարան՝ մեծահասակներ, երիտասարդներ, Արցախից տեղահանված անձինք և առաջին անգամ ընտրողներ, ինչը նպաստեց փորձի փոխանակմանն ու համակողմանի քննարկմանը։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
