Մայիսի 1-ին Արարատի մարզի Արտաշատ համայնքում անցկացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։ Հանդիպումը միավորել էր առաջին անգամ ընտրողների, երիտասարդների, կանանց, մեծահասակների և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների։ Աշխատարանը վարեց ծրագրի դասընթացավար Տաթև Ղազարյանը, ով մասնակիցների հետ քննարկեց քաղաքացու առանցքային դերակատարությունն ու պատասխանատվությունը ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործընթացում։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան e-draft և e-request հարթակների հնարավորություններին ու դրանց գործնական կիրառման ձևերին որպես քաղաքացիական վերահսկողության գործիքներ։ Մանրամասն անդրադարձ կատարվեց ընտրական իրավունքի հիմնական սկզբունքներին և քվեարկության սահմանված կարգին, ինչպես նաև քննարկվեցին ընտրության օրը հաճախ հանդիպող խնդրահարույց իրավիճակներն ու դրանց իրավաչափ արձագանքման տարբերակները։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
