Ապրիլի 17-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում իրականացվեց «REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի հերթական աշխատարանը։
Հանդիպումը ուղղված էր առաջին անգամ ընտրողների, կանանց և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրազեկվածության բարձրացմանը։ Աշխատարանը վարում էր «REGION» ծրագրի դասընթացավար Վահե Խաչիկյանը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին քաղաքացիական մասնակցության կարևորությունը ժողովրդավարական գործընթացներում, ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքներն ու մատչելիությունը, ինչպես նաև ընտրական իրավախախտումներն ու դրանց դեմ պայքարի արդյունավետ եղանակները՝ մանրամասն անդրադառնալով քվեարկության օրվա բոլոր փուլերին։ Մասնակիցները նաև ծանոթացան e-draft և e-request հարթակներին՝ պարզելով, թե ինչպես կարելի է դրանք կիրառել գործնականում՝ որպես քաղաքացիական վերահսկողության գործիքներ: Հատուկ անդրադարձ կատարվեց ընտրություններին վերաբերող հաճախ հնչող հարցերին, վերհանվեցին տարածված սխալ պատկերացումները և համադրվեցին փաստերի ու գործող օրենսդրության հետ։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF) -ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
