«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում մշակել է ռազմավարական ամփոփագիր՝ հիմնված ավելի քան 80 երիտասարդների մասնակցությամբ անցկացված համաժողովի արդյունքների և «World Café» մեթոդաբանությամբ իրականացված խնդիրների քարտեզագրման վրա։
Փաստաթղթում արձանագրված հիմնական մարտահրավերները.
- Քաղաքացիական և ընտրական իրավունքների իրացման պակաս. Ընտրական գործընթացների վերաբերյալ տեղեկատվության մակերեսայնություն և պետական կառավարմանը մասնակցելու գիտակցման բացակայություն։
- Աշխատանքային շահագործում և անպաշտպանվածություն. Աշխատանքային պայմանագրերի և իրավունքների վերաբերյալ իրազեկվածության վակուում, մարզերում պաշտպանության մեխանիզմների անհասանելիություն։
- Գենդերային կարծրատիպեր և սոցիալական արգելքներ. Աշխատաշուկայում և համայնքային առաջնորդության հարցերում երիտասարդ կանանց առջև ծառացած խոչընդոտներ։
- Համայնքային մեկուսացվածություն. ՏԻՄ-երի և երիտասարդների միջև խզում, բյուջեի և զարգացման ծրագրերի վրա ազդելու մեխանիզմների անտեսանելիություն։
- Թունավոր միջավայր և ատելության խոսք. Առցանց և առօրյա տիրույթում առկա ատելության խոսքը՝ որպես հանրային ակտիվության հոգեբանական արգելք։
Առաջարկվող ռազմավարական լուծումները.
- Քաղաքացիական գիտակցություն. Թվային կոնտենտի և ինտերակտիվ ձևաչափերի կիրառում։
- Աշխատանքային իրավունք. «Աշխատանքային իրավունքների շաբաթվա» անցկացում, իրավական խորհրդատվության առցանց հարթակների ներդրում և կարճաժամկետ գործնական դասընթացներ։
- Հավասարություն. Ուսուցիչների վերապատրաստում և մենթորության հարթակների ձևավորում։
- Համայնքային կապ. Սերունդների միջև երկխոսություն («Զրույցներ ավագների հետ»), փոքր նախաձեռնողական դրամաշնորհներ և մարզային ուսանողների աջակցության ցանցեր։
- Հանդուրժողականություն. Ծնողավարության դասընթացներ և իրազեկում արվեստի (Street Art) միջոցով։
Սույն փաստաթուղթը մշակվել է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՍԴ Պլատֆորմ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Մաքս վան դեր Ստուել հիմնադրամի կողմից։
Ծրագիրն իրականացվում է «ՍԴ Պլատֆորմ Հայաստանի» հետ համագործակցությամբ։
