«Առաջնորդելով համայնքում» Լոռու և Տավուշի մարզերի երիտասարդ աղջիկների հզորացման ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի երիտասարդների համար կազմակերպվեց երկօրյա աշխատարան։
Աշխատարանի առաջին օրը դասընթացավար Վահե Խաչիկյանը մասնակիցներին ներկայացրեց առաջնորդության սկզբունքները, տեղական ինքնակառավարման համակարգն ու համայնքային կյանքում քաղաքացիական մասնակցության կարևորությունը։ Տեսական նյութն ամրապնդվեց գործնական և ինտերակտիվ խաղերի միջոցով, ինչը մասնակիցներին թույլ տվեց ավելի լավ պատկերացնել առաջնորդի դերը համայնքում։
Երկրորդ օրը ծրագրի մենթոր Մադլեն Մինասյանի ուղղորդմամբ մասնակիցները ծանոթացան համայնքային նախաձեռնությունների մշակման գործընթացին։ Քննարկելով տարբեր հաջողված օրինակներ՝ երիտասարդ աղջիկները քարտեզագրեցին իրենց համայնքների խնդիրներն ու մշակեցին դրանց լուծմանն ուղղված նախնական ծրագրային գաղափարներ։
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի «Առաջնորդելով համայնքում» Լոռու և Տավուշի մարզերի աղջիկների հզորացման ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Լիբերալ քաղաքականության ինստիտուտի «Հզորացնելով կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ:
