Skip to content Skip to footer

Հայաստանում Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման, Եվրաինտեգրման թեման հաճախ քննարկվում է քաղաքական և հասարակական մակարդակներում։ Սակայն այդ քննարկումների առանցքում նաև բազմաթիվ թյուր պատկերացումներ և միֆեր են։ Դրանք հաճախ ձևավորվում են տեղեկատվության պակասից կամ քաղաքական տարբեր ուժերի կողմից կատարված մեկնաբանություններից։ Ստորև ներկայացնում ենք ԵՄ ինտեգրման մասին մի քանի տարածված միֆեր և դրանց իրական փաստական պատկերը։

Միֆ 1․ ԵՄ-ին ինտեգրվելը նշանակում է կորցնել պետական ինքնիշխանությունը

Իրականություն․
Ըստ ԵՄ հիմնարար պայմանագրերի, Եվրոպական միությունը պետությունների համագործակցության միավորում է, ոչ թե կենտրոնացված «գերիշխան կառավարություն»։

Եվրոպական միությունը պետությունների համագործակցության միավորում է, ոչ թե մեկ միասնական պետություն։ ԵՄ անդամները պահպանում են իրենց սահմանադրությունը, կառավարությունը, բանակը և արտաքին քաղաքականությունը՝ շարունակելով մնալ ինքնիշխան պետություններ։

ԵՄ-ում որոշ քաղաքականություններ ընդունվում են համատեղ՝ օրինակ ընդհանուր շուկայական հարաբերությունների կարգավորման հարցերում կամ առևտրի ոլորտում, սակայն այդ որոշումների ընդունմանը մասնակցում են հենց անդամ երկրների ներկայացուցիչները՝ ԵՄ խորհրդում և Եվրոպական խորհրդարանում։ Այլ կերպ ասած՝ երկրները չեն կորցնում ինքնիշխանությունը, այլ որոշ հարցերում համագործակցում են ավելի արդյունավետ քաղաքականություն վարելու համար։

Այսինքն՝ պետությունները կիսում են որոշ լիազորություններ, բայց չեն կորցնում պետական ինքնիշխանությունը։

Միֆ 2․ ԵՄ վիզաների ազատականացմամբ Հայաստանը կմիանա ԵՄ-ին

Իրականություն․
Եվրոպական հանձնաժողովի վիզաների քաղաքականության համաձայն՝  վիզաների ազատականացումը և ԵՄ անդամակցությունը տարբեր գործընթացներ են։ Վիզաների ազատականացումը նշանակում է, որ քաղաքացիները կարող են կարճատև այցերով մեկնել Շենգենի գոտի առանց վիզայի։ Եվրոպական կանոնների համաձայն՝ առանց վիզայի մուտքը թույլ է տալիս մնալ մինչև 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում՝ զբոսաշրջության, գործուղման կամ անձնական այցերի համար։

Սակայն այդ ռեժիմը չի տալիս աշխատելու, երկարաժամկետ բնակության իրավունք և ԵՄ անդամակցության կարգավիճակ։

Օրինակ՝ Վրաստանը և Ուկրաինան արդեն տարիներ շարունակ ունեն վիզաների ազատ ռեժիմ, սակայն դրանք դեռ չեն դարձել ԵՄ անդամներ։

ՄԻՖ 3․ ԵՄ ինտեգրումը նշանակում է, որ քաղաքացիները կարող են անմիջապես տեղափոխվել և մշտապես ապրել Եվրոպայում

Իրականություն

Այս ձևակերպումը հաճախ շփոթում են վիզաների ազատականացման հետ։ Ինչպես նշված է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) պարզաբանումներում, վերջինս վերաբերում է միայն կարճաժամկետ այցելություններին։ Վերջինս վերաբերում է միայն կարճաժամկետ այցելություններին։ Եթե որևէ մեկը ցանկանում է Եվրոպայում աշխատել, սովորել կամ երկարաժամկետ ապրել, նա պետք է ստանա համապատասխան աշխատանքային կամ ուսանողական վիզա, կացության թույլտվություն (Residence Permit) կամ այլ օրինական հիմքեր։ Հարկ է նաև նշել, որ վիզաների ազատականացումը արագ պրոցես չէ. այն պահանջում է տարիների աշխատանք և բարեփոխումներ անվտանգության ու փաստաթղթաշրջանառության ոլորտներում։Այս սահմանափակումը գործում է բոլոր այն երկրների համար, որոնք ունեն վիզաների ազատ ռեժիմ, բայց չեն հանդիսանում ԵՄ անդամներ։ 

ՄԻՖ 4․ Վիզաների ազատ ռեժիմը միշտ անփոփոխ է և չի կարող չեղարկվել

Իրականություն

Ըստ Եվրոպական հանձնաժողովի վիզաների քաղաքականության կանոնների՝ Եվրոպական միությունը կարող է ժամանակավորապես կասեցնել վիզաների ազատ ռեժիմը, եթե երկիրը խախտում է պայմանավորվածությունները կամ առաջանում են անվտանգության խնդիրներ։

Այս մեխանիզմը կիրառվում է այն դեպքերում, երբ աճում է անօրինական միգրացիան, կան անվտանգության խնդիրներ, երկիրը չի համագործակցում վերադարձի հարցերում։

Միֆ 5․ ԵՄ ինտեգրումը կվերացնի ազգային ինքնությունը և մշակույթը

Իրականություն․
ԵՄ-ի կարևոր սկզբունքներից մեկը մշակութային բազմազանության պաշտպանությունն է։ Միության ներսում գոյություն ունեն տասնյակ լեզուներ և մշակույթներ, և դրանք պահպանվում ու խրախուսվում են։ Եվրոպական ծրագրերի միջոցով հաճախ ֆինանսավորվում են մշակութային ժառանգության պահպանման, թանգարանների, պատմական հուշարձանների վերականգնման և մշակութային նախագծերի իրականացումը։ Այսպիսով, ինտեգրումը չի վերացնում ազգային ինքնությունը, այլ հաճախ նպաստում է դրա պահպանմանն ու ներկայացմանը միջազգային մակարդակում։ 

Օրինակներ․ Հայաստանում իրականացվող EU4Culture ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ են ստացել Գյումրի, Չարենցավան և Սևան քաղաքները՝ իրենց տեղական մշակութային ռազմավարությունները մշակելու համար։ Նաև Creative Europe ծրագիրն աջակցում է հայկական մշակութային նախագծերի ներկայացմանը միջազգային հարթակներում։

Միֆ 6․ ԵՄ ինտեգրումը ավտոմատ կերպով կհանգեցնի ապրանքների կտրուկ թանկացման

Իրականություն․
ԵՄ ինտեգրման հիմնական տնտեսական նպատակներից մեկը ընդհանուր շուկայի ստեղծումն է, որը խթանում է մրցակցությունը և ներդրումները։ Այս գործընթացները կարող են փոխել գների կառուցվածքը, սակայն ըստ Eurostat-ի վիճակագրական տվյալների,երկարաժամկետ հեռանկարում շատ երկրներում դա նպաստել է տնտեսական աճին, աշխատատեղերի ստեղծմանը և եկամուտների բարձրացմանը։

ԵՄ ինտեգրումը որոշ երկրների պարագայում նպաստում է տնտեսական աճին, ներդրումների ավելացմանը և շուկաների ընդլայնմանը։ Թեև որոշ ոլորտներում կարող են լինել գների փոփոխություններ՝ կապված եվրոպական ստանդարտների ներդրման հետ, բազմաթիվ երկրներում ինտեգրումը երկարաժամկետ հեռանկարում բերել է եկամուտների աճի և տնտեսության զարգացման։

Օրինակ Լեհաստանը ԵՄ անդամ դարձավ 2004 թվականին։ Այդ ժամանակից ի վեր երկիրը դարձել է Եվրոպայի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը։ 2004-ից հետո Լեհաստանը ստացել է ավելի քան 200 միլիարդ եվրո եվրոպական ֆոնդերից։ Այդ միջոցներով կառուցվել են հազարավոր կիլոմետր նոր ավտոմայրուղիներ, երկաթուղիներ և ենթակառուցվածքներ։ Երկրի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով այս ընթացքում ավելի քան կրկնապատկվել է։

Էստոնիան նույնպես անդամակցել է ԵՄ-ին 2004 թվականին։ ԵՄ աջակցությամբ երկիրը զարգացրել է թվային կառավարումը և տեխնոլոգիական ոլորտը։ Այսօր Էստոնիան համարվում է աշխարհի առաջատար թվային պետություններից մեկը՝ էլեկտրոնային կառավարությամբ և զարգացած IT ոլորտով։

Լիտվայում ԵՄ անդամակցությունից հետո զգալիորեն աճել են արտահանումը և օտարերկրյա ներդրումները։ Տնտեսության զարգացումը նպաստել է աշխատավարձերի աճին և ենթակառուցվածքների արդիականացմանը։

Այսպիսով, փորձը ցույց է տալիս, որ եվրոպական ինտեգրումը հաճախ ոչ միայն տնտեսական մարտահրավերներ է բերում, այլ նաև զգալի զարգացման հնարավորություններ։ 

Միֆ 7․ ԵՄ-ն կվերահսկի երկրի կրթությունը և սոցիալական համակարգը

Իրականություն․
Կրթական համակարգը, մշակութային քաղաքականությունը և սոցիալական ոլորտի մեծ մասը մնում են ազգային կառավարությունների իրավասության ներքո։ ԵՄ-ն հիմնականում աջակցում է համագործակցությանը և ծրագրերին, օրինակ՝ ուսանողների փոխանակման, հետազոտության և կրթական նախագծերի շրջանակում։ 

Օրինակներ՝

Էրազմուս+ (Erasmus+). Ինչպես նշված է Էրազմուս+ Հայաստան ծրագրի պաշտոնական էջում, սա ԵՄ ամենահայտնի կրթական ծրագիրն է, որի միջոցով հազարավոր հայ ուսանողներ, դասախոսներ և երիտասարդական աշխատողներ հնարավորություն են ստանում սովորել կամ վերապատրաստվել եվրոպական բուհերում։ Սա ոչ թե վերահսկողություն է, այլ փորձի փոխանակում, որն օգնում է արդիականացնել հայաստանյան կրթական միջավայրը։

eTwinning. Եվրոպական դպրոցական հարթակի միջոցով հայաստանյան դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները համատեղ առցանց նախագծեր են իրականացնում եվրոպական դպրոցների հետ: Սա օգնում է զարգացնել օտար լեզուների իմացությունը և թվային հմտությունները՝ չփոփոխելով հայկական կրթական չափորոշիչները:

Horizon Europe. Ըստ Եվրոպական հանձնաժողովի գիտական համագործակցության տվյալների, սա գիտական հետազոտությունների աջակցության աշխարհի ամենամեծ ծրագրերից է, որին Հայաստանը միացել է որպես ասոցացված անդամ։ Այն թույլ է տալիս հայ գիտնականներին դրամաշնորհներ ստանալ և համագործակցել միջազգային առաջատար լաբորատորիաների հետ:

Եզրակացություն

ԵՄ ինտեգրման շուրջ քննարկումները հաճախ ուղեկցվում են տարբեր մեկնաբանություններով և մտահոգություններով։ Սակայն կարևոր է տարբերել փաստերը և տարածված միֆերը։ Եվրոպական միության հետ համագործակցությունը նախ և առաջ վերաբերում է քաղաքական, տնտեսական և ինստիտուցիոնալ համագործակցության խորացմանը, որը կարող է բացել նոր հնարավորություններ կրթության, տնտեսության և միջազգային համագործակցության ոլորտներում։ Հետևաբար, հանրային քննարկումների որակը մեծապես կախված է ճշգրիտ տեղեկատվությունից և հիմնավորված փաստերից։

Օգտագործված պաշտոնական աղբյուրներ և հղումներ

  1. ԵՄ պայմանագրեր. Treaties in force — EUR-Lex
  2. Վիզաների քաղաքականություն. Schengen Visa Policy — European Commission
  3. ԵՄ-Հայաստան հարաբերություններ. EU and Armenia — EEAS
  4. ԵՄ ծրագրերը Հայաստանում. EU Neighbors East — Armenia
  5. Տնտեսական վիճակագրություն (ՀՆԱ). Eurostat — GDP and Price Level Indices
  6. Կրթական ծրագրեր. Erasmus+ Armenia
  7. Դպրոցական համագործակցություն. eTwinning — European School Education Platform
  8. Գիտական համագործակցություն. Horizon Europe and Armenia

Ամբողջական նյութը հասանելի է հայերենով։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.