«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի ներկայացուցիչ Ավետիք Խոստեղյանը մասնակցեց Մոլդովայի Հանրապետությունում կայացած «Սահմաններից դուրս, փորձառությունների փոխանակմամբ․ տարածաշրջանային գործընկերային ուսուցման և փորձի փոխանակման» տարածաշրջանային փոխանակման և համագործակցության միջոցառմանը։ Այս կարևոր նախաձեռնությունն իրականացվել է «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ERIM) կազմակերպության կողմից՝ «Արևելյան գործընկերությունում ժողովրդավարություն» (DEAP) ծրագրի շրջանակներում։
Եռօրյա հանդիպումը մեկ հարթակում էր միավորել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարբեր երկրներից՝ նպատակ ունենալով խթանել փորձի փոխանակումը, ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ և զարգացնել համատեղ ռազմավարական նախաձեռնություններ։ Միջոցառման ընթացքում մասնակիցներն ակտիվ քննարկումներ ծավալեցին երիտասարդության ներգրավվածության, ժողովրդավարական գործընթացների խթանման, մեդիայի անկախության և քաղաքացիական հասարակության զարգացմանն առնչվող առանցքային հարցերի շուրջ։ Հանդիպման արդյունքում ձևավորվեցին նոր գործընկերային կապեր և հիմքեր դրվեցին տարածաշրջանային մակարդակում հետագա արդյունավետ համագործակցության համար։
