«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, համագործակցելով Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ, կազմակերպել էր Vote Armenia թվային գործիքի հանրային իրազեկման և տեղեկատվական հանդիպումը։ Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Լիանա Մարուքյանը, ով իր խոսքում առանձնահատուկ կարևորեց ներկայացվող գործիքի դերը՝ որպես ընտրական գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման և քաղաքացիական մասնակցության խթանման արդյունավետ միջոց։
Հանդիպման ընթացքում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտաշխատող Լիլիթ Բաբայանը մանրամասն ներկայացրեց հարթակի ֆունկցիոնալ հնարավորությունները, դրա կիրառման գործնական առանձնահատկությունները և այն նշանակալի դերը, որն այս թվային գործիքն ունի քաղաքացիական ակտիվության խթանման գործում։ Բացի այդ, ներկաներին ներկայացվեց նաև «Ընտրական և հանրաքվեին մասնակցելու իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ձեռնարկը, որը կարևոր նշանակություն ունի ընտրական իրավունքների պաշտպանության իրավական մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև քաղաքացիների իրավագիտակցության ու իրավական գիտելիքների ընդլայնման տեսանկյունից։ Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ էր երիտասարդների և հանրության շրջանում ընտրական մշակույթի ձևավորման և իրավական պաշտպանվածության մակարդակի բարձրացման ճանապարհին։
