«REGION. Ընտրական գործընթացների հուսալի իրազեկման համապետական ցանց» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում տեղի ունեցավ հերթական աշխատարանը։ Հանդիպման առանցքում ժողովրդավարական հասարակարգում քաղաքացու դերն էր, մասնակցության հիմքերը, ինչպես նաև ընտրական իրավունքի սկզբունքները՝ շեշտադրելով գործընթացների թափանցիկությունն ու մատչելիությունը։
Աշխատարանի ընթացքում մասնակիցները մանրամասն ծանոթացան քվեարկության օրվա ընթացակարգերին և ընտրական իրավախախտումների կանխարգելման մեխանիզմներին։ Միջոցառումն առանձնացավ իր ինտերակտիվ ձևաչափով. երիտասարդները վերհանեցին ընտրական գործընթացների վերաբերյալ տարածված միֆերը՝ դրանք համադրելով իրական փաստերի ու օրենսդրական կարգավորումների հետ։ Գործնական սիմուլյացիոն խաղի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան անձամբ անցնել քվեարկության օրվա ողջ շղթայով՝ տեղամասի կահավորումից մինչև արդյունքների վերջնական ամփոփում։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States — Transatlantic Foundation (GMF TF)-ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։
