Skip to content Skip to footer

2025 թ․ մարտի 15-ից մինչև ապրիլի 27-ը ՀՀ Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Գյուլագարակ և Տաշիր բազմաբնակավայր համայնքներում իրականացվել են երիտասարդական երկօրյա աշխատարաններ՝ շուրջ 100 երիտասարդների մասնակցությամբ։ Այս աշխատարանների նպատակն էր նպաստել երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը հանրային կյանքի և համայնքային զարգացման գործընթացներում՝ զարկ տալով նրանց առաջնորդական և քաղաքացիական կարողությունների զարգացմանը, նախաձեռնողականության խթանմանը, ինչպես նաև հաղորդակցման և համագործակցության հմտությունների ամրապնդմանը։

Աշխատարանների ընթացքում մասնակիցները ներկայացվել են քաղաքացիական ներգրավվածության և հանրային մասնակցության սկզբունքներին, քննարկել են տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը, համայնքային որոշումների կայացման գործընթացներն ու դրանց վրա ազդելու հնարավորությունները։ Քննարկումների և գործնական վարժանքների ընթացքում կիրառվել է «հիմնախնդրի ծառի» մեթոդը, որի շնորհիվ մասնակիցները վերլուծել են համայնքային առաջնահերթ խնդիրները՝ բացահայտելով դրանց առաջացման հիմնական պատճառներն ու հնարավոր հետևանքները։ Այս մոտեցումը նպաստել է մասնակիցների վերլուծական մտածողության և ռազմավարական պլանավորման հմտությունների զարգացմանը։

Հիմնախնդիրների այս վերլուծությանը հաջորդել են նպատակային հանդիպումներ երիտասարդների և համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջև՝ ուղղված երկխոսության խորացմանը, համայնքային խնդիրների լուծման համատեղ ուղիների մշակմանը և երիտասարդների առաջարկությունների ներգրավմանը համայնքային քաղաքականությունների մեջ։ Այս հանդիպումները նաև ապահովել են մի հարթակ, որտեղ երիտասարդները կարողացել են ներկայացնել իրենց դիրքորոշումները, առաջարկությունները և նախագծային գաղափարները՝ որպես լիարժեք գործընկեր համայնքի զարգացման հարցերում։

Նշված միջոցառումները կազմակերպվել են «Երիտասարդների մասնակցության խթանումը Լոռիում․ քաղաքացիական ներգրավվածության բարձրացում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» նախաձեռնության շրջանակում։

Ծրագիրն իրականացվում է «Մենք» Լոռու մարզի երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության եւ Գերմանիայի կառավարության համաֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով հզորացնել երիտասարդների ձայնը տեղական և տարածաշրջանային մակարդակներում։

This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.