Skip to content Skip to footer

Հայաստանում նախընտրական փուլը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, սակայն քաղաքական դաշտը արդեն զգալիորեն ակտիվացել է։ Տարբեր կուսակցություններ և դաշինքներ պարբերաբար այցելում են մարզեր, հանդիպում քաղաքացիների հետ, ակտիվորեն ներկայացնում իրենց ուղերձները սոցիալական հարթակներում։ Սա առաջացրել է հարց՝ արդյոք սա վաղաժամ քարոզարշավ է և հակասում է օրենքին։

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Ինչպես նշված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակացույցում՝ նախընտրական քարոզչության պաշտոնական ժամանակահատվածը մայիսի 8-ից հունիսի 5-ն է։ Քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ին, և քվեարկության օրը մինչև 20:00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։ 

Վերջին շաբաթներին մի քանի քաղաքական ուժեր աչքի են ընկնում ակտիվ մարզային այցերով, հանրային հանդիպումներով և մեդիա ակտիվությամբ։ Նրանց գործունեությունը հաճախ հիշեցնում է քարոզարշավի տարրեր՝ հանդիպումներ համայնքների բնակիչների հետ,  ելույթներ սոցիալական խնդիրների վերաբերյալ, ակտիվ լուսաբանում Facebook-ում և լրատվամիջոցներում: Սակայն իրավական տեսանկյունից սա դեռ չի համարվում պաշտոնական քարոզարշավ։

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ պաշտոնական քարոզարշավը սկսվում է ընտրությունների նշանակման և քարոզչության համար սահմանված ժամկետից հետո մինչ այդ ժամանակահատվածը քաղաքական գործունեությունը չի արգելվում․ «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»: 

ԿԸՀ նախագահի վերջին հայտարարությունների համաձայն՝ կուսակցությունները կարող են իրականացնել հանդիպումներ, եթե դրանք չեն ֆինանսավորվում նախընտրական հիմնադրամից և չեն օգտագործում անվճար եթերաժամանակը․ «Մինչ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ցանկացած քաղաքական ուժ կարող է իրականացնել քարոզչություն, հանդիպել քաղաքացիների հետ, շրջել Հայաստանի բնակավայրերում»։

Օրենսգրքում հստակ նշվում են սահմանափակումները․ չի թույլատրվում՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի օգտագործում, պետական լծակների շահարկում ընտրական նպատակով, արգելվում է ասոցացվող կազմակերպությունների կողմից բարեգործական գործունեության իրականացումը։ Նախընտրական ակտիվությունը ինքնին օրենքի խախտում չէ, եթե չի անցնում այս սահմանները։

Դիտարկումները ցույց են տալիս, որ առնվազն մի քանի քաղաքական ուժեր արդեն ձևավորում են իրենց նախընտրական օրակարգը: Մասնավորապես՝ իշխանական շրջանակները շարունակաբար իրականացնում են մարզային այցեր և ներկայացնում պետական ծրագրերը, իսկ  ընդդիմադիր ուժերն ակտիվորեն հանդիպում են քաղաքացիների հետ՝ քննադատելով գործող իշխանությանը։ Կան նաև նոր ձևավորվող քաղաքական ուժեր, որոնք փորձում են բարձրացնել ճանաչելիությունը՝ ինտենսիվ մեդիա ակտիվությամբ։ Այս ամենը հաճախ ուղեկցվում է համացանցային հարթակներում տարածվող տեսանյութերով, ուղիղ եթերներով և լուսանկարներով։ Ներկայացնենք փաստերով։

Ինչպես նշեցինք, վերջին երկու ամսում քաղաքական գրեթե բոլոր ուժերն ակտիվ քարոզչություն են իրականացնում։ Անդրադառնանք 4 ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին և «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներին։  Վերոնշյալ ուժերն իրականացրել են ավելի քան 40 խոշոր մարզային այցելություն։ Ստորև ներկայացնում ենք ակտիվության համեմատական պատկերը։

1. «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) 

Իշխող ուժը պահպանում է ամենաբարձր դինամիկան՝ շեշտը դնելով հաշվետվողականության վրա։  Այցելություններն սկսվել են փետրվարի 28-ից։ Նույն օրը Ազատություն ռադիոկայանի հրապարակած նյութում դրանք ստացան «ուրախ ավտոբուս» անվանումը։  Երկու ամսվա ընթացքում  իրականացրել են ավելի քան 10 այց՝ հիմնականում շաբաթական 2-3 անգամ՝ հանգստյան օրերին։
Կուսակցական քարոզարշավի աշխարհագրությունը լայն է՝  Արարատ, Արմավիր, Լոռի, Կոտայք և այլն՝ ավելի քան 50 բնակավայր։

Այս ամենին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև պաշտոնական այցերով է լինում համայնքներում, հանդիպում  համայնքների բնակիչների հետ,  ներկա գտնվում դպրոցների և մանկապարտեզների բացման արարողությունների։

Այցերը առաջնային լուսաբանվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում՝ հիմնականում ուղիղ եթերով։ 

2․ «Հայաստան» դաշինք

Ընդդիմադիր այս խոշոր ուժը կենտրոնացել է անվտանգային և սոցիալական հարցերի վրա։ Նախորդ երկու ամիսներին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքական թիմի հետ միասին ունեցել  է 7-ից ավելի մարզային այցեր, եղել շուրջ 8 քաղաքում։ Թիրախում Վանաձորն էր, Մասիսը, Աշտարակը և այլ։ Քաղաքացիների հետ հանդիպումներից հետո տեղի են ունեցել նաև դաշինքի մարզային անդամների հետ հանդիպում-քննարկումներ։

3․ «Ուժեղ Հայաստան» դաշինք

Սամվել Կարապետյանի կողմից աջակցվող այս ուժը (որի ցուցակը գլխավորում է Նարեկ Կարապետյանը) վերջին երկու ամսում անցել է կուսակցության կազմակերպչական ձևավորումից դեպի ակտիվ քարոզչություն։ Այն հանդես է գալիս՝ որպես ինստիտուցիոնալ ընդդիմություն և հստակ աշխարհաքաղաքական վեկտոր ունեցող ուժ։

Այցելությունների շեշտը դրված է գրասենյակների բացման և ներկայացուցչական հանդիպումների վրա։ Նախորդ երկու ամիսներին դաշինքի ներկայացուցիչները խոշորամասշտաբ մոտ 13 այց են կատարել։ Լոռին կուսակցության համար ռազմավարական նշանակություն ունի՝ հաշվի առնելով Կարապետյանների ընտանիքի կապերը տարածաշրջանի հետ։  Քաղաքացիների հետ շփումների հիմնական թեմաները Ռուսաստանի Դաշնության հետ սերտ կապերի վերականգնումը, անվտանգությունը, խոշոր ներդրումային ծրագրեր ներգրավվելն ու այլ թեմաներ են։  Դաշինքի այցերը լուսաբանում են խոշոր լրատվական գործակալությունները։ Ըստ  Radar Armenia-ի՝ սոցցանցերում գովազդի «Ուժեղ Հայաստանը» ծախսել է 159 հազար ԱՄՆ դոլար։

4․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)

Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժը վերջին երկու ամսում կիրառում է իր ավանդական՝ «անմիջական շփման» մարտավարությունը՝ շեշտը դնելով սոցիալական և գյուղատնտեսական խնդիրների վրա։ Շաբաթական 2-3 այցելություն տարբեր համայնքներ․ վերջին 2 ամսում՝ ավելի քան 10 հանդիպում՝ 40 բնակավայրում։ Կուսակցությունը՝ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հանդիպումներ է ունենում հատկապես գյուղական բնակավայրերում՝  Մուսալեռ, Արևաշատ, Պտղունք, Մարգահովիտ, Նոր Գյուղ և այլն։ Այս հանդիպումների առանցքային թեման գյուղատնտեսությունն է՝ գյուղմթերքի իրացման ցածր գներ, ոռոգման ջուր, պարարտանյութի մատչելիություն և այլն։ 

Մարզային այցերը հիմնականում լուսաբանվում են Գագիկ Ծառուկյանի պաշտոնական Facebook-յան էջի և «Կենտրոն» ՀԸ միջոցով (տեսանյութեր, որտեղ մարդիկ բարձրաձայնում են իրենց խնդիրները)։ 

Հիմնվելով նշված տվյալների և պաշտոնական լուսաբանումների վրա՝  ներկայացնում ենք 4 ուժերի այցելությունների պատկերը (2026թ. փետրվարի վերջ — ապրիլի 28)։

Քաղաքական ուժՀիմնական թիրախային մարզերԱյցերի պարբերականությունԼուսաբանման ձևը
Քաղաքացիական պայմանագիրՏավուշ, Սյունիք, Արարատ, Արագածոտն, ԼոռիՇաբաթական 2-3 անգամLive հեռարձակումներ, վարչապետի էջ, Հանրային ՀԸ
«Ուժեղ Հայաստան» դաշինք*Շիրակ, Լոռի, Կոտայք, ԵրևանՇաբաթական 1-2 անգամFacebook, 168.am, կուսակցական էջեր
«Հայաստան» դաշինքՍյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք10 օրը մեկFacebook,  Telegram, հարցազրույցներ, 
«Բարգավաճ Հայաստան»Տավուշ, Լոռի, ԱրագածոտնՇաբաթական 2-3 անգամFacebook սոցցանցեր, Կենտրոն ՀԸ

Օգտագործված պաշտոնական աղբյուրներ և հղումներ

 1․ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ հերթական ընտրությունների հիմնական գործողությունների ժամանակացույցը, 09․02․2026,  https://www.elections.am/News/Item/1924  2․ՀՀ ընտրական օրենսգիրք, Հոդված 19, կետ 1, https://www.arlis.am/hy/acts/159144 3․ԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը, 31․03․2026, https://www.elections.am/News/Item/1951  4․ՀՀ ընտրական օրենսգիրք, Հոդված 23, կետ 1, https://www.arlis.am/hy/acts/159144
5․Վարչապետական ուրախ ավտոբուս դեպի մարզեր, 28․02․2026, https://www.azatutyun.am/a/varchapetakan-ourakh-avtobous-depi-marzer/33690549.html  6․Վարչապետի աշխատանքային այցերը մարզեր, https://www.primeminister.am/hy/press-release/
7․ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջ, ուղիղ եթերներ, https://www.facebook.com/nikol.pashinyan/live_videos 8․ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական էջ, https://www.facebook.com/Robertkocharyan 9․«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Կոտայքի մարզ. Չարենցավանում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակը, 26․04․2026, https://past.am/?p=439700&l=am#gsc.tab=0 10․Սոցցանցերում գովազդի համար Սամվել Կարապետյանը ծախսել է 159 հազար ԱՄՆ դոլար. Radar Armenia, 27․04․2026, https://yerevanpost.am/hy/2026/04/27/article/6192 11․Մարզային հանդիպումներում հայրենակիցների հետ շփումը միշտ հիշեցնում է՝ մեր ամենամեծ ուժը հենց մարդիկ են, 28․04․2026, https://www.facebook.com/reel/1278891093801171
12․Այս հանդիպումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ գրեթե չկա համայնք, որտեղ գյուղատնտեսական խնդիրները առաջնային չլինեն, 25․04․2026, https://www.facebook.com/reel/2030854397494583


This website was created and maintained with the financial support of the European Union and the Transatlantic Foundation/ Black Sea Trust for Regional Cooperation. Its contents are the sole responsibility of “We” Youth Non-governmental Organization of Lori Region, and do not necessarily reflect the views of the European Union and the Transatlantic Foundation/Black Sea Trust for Regional Cooperation.

“We” Youth NGO © All Rights Reserved.