«Կայուն զարգացման նպատակները համայնքներում․ խնդիրներ և լուծումներ» ծրագիրն իրականացվում է Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր և Գյուլագարակ համայնքներում և նպատակ ունի խթանել Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացմանը՝ կանանց և աղջիկների ակտիվ և ուղիղ մասնակցությամբ։ Ծրագիրը կենտրոնացած է համայնքային խնդիրների բացահայտման, քարտեզագրման և լուծումների համատեղ մշակման վրա՝ ապահովելով կանանց և աղջիկների ձայնի լսելիությունը տեղական զարգացման գործընթացներում։
Ծրագրի շրջանակում երիտասարդ կանայք և աղջիկներ մասնակցում են կարողությունների զարգացման դասընթացների, որոնց ընթացքում ուսումնասիրում են համայնքային խնդիրները, դրանք կապում ԿԶՆ 5-րդ (գենդերային հավասարություն) և 11-րդ (ներառական, անվտանգ և կայուն համայնքներ) նպատակների հետ և մասնակցում լուծումների ձևակերպմանը։ Քարտեզագրված խնդիրները թվայնացվում են ինտերակտիվ ձևաչափով և ներկայացվում տեղական ինքնակառավարման մարմիններին՝ նպաստելով կանանց, աղջիկների և համայնքային իշխանությունների միջև կառուցողական երկխոսության ամրապնդմանը։
Ծրագիրը միաժամանակ նպաստում է համայնքներում կանանց և աղջիկների առաջնորդության զարգացմանը, մասնակցային մշակույթի ձևավորմանը և տեղական քաղաքականությունների վրա ազդելու հնարավորությունների ընդլայնմանը։ Արդյունքում ակնկալվում է կանանց և աղջիկների մասնակցության աճ համայնքային որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև ավելի ներառական և կայուն լուծումների ձևավորում Լոռու մարզի թիրախ համայնքներում։
Սույն ծրագիրն իրականացվում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «CSOs4SLD2. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման (դրամաշնորհների կառավարում)» ծրագրի փոքր դրամաշնորհների բաղադրիչի շրջանակում՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի ներքո, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։





